26 դեկտեմբերի 2011 - 12:06 AMT
Թբիլիսիի հայ համայնքը նշեց Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանը

Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, ՀՀ մշակույթի նախարարության հովհանավորությամբ կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին: Համերգին ներկա էին Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրեր, եկեղեցու ծառայողներ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Հանդիսատեսին ողջունեց և հոբելյանական տարվա նշանավորումը Թբիլիսիում կարևորեց Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական՝ Լևոն Թորգոմյանը:

Համերգին մասնակցեցին բազմաթիվ փառատոների դափնեկիր Սվետլանա Տատոևան, Նադի Զախարյանը և այլոք: Համերգին հրավիրված դաշնակահար Եսայի Աբովյանը և ջութակահար Արմեն Գյոնջյանը կատարեցին Առնո Բաբաջանյանի տարբեր տարիների անմոռաց և սրտառուչ ստեղծագործությունները:

Համերգն ուղեկցվում էր մեծ երգահանի կյանքից և գործունեությունից արխիվային կադրերի, հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի, ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի հուշերի, «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրեն Արա Բաբաջանյանի՝ հոր մասին պատմածների, նաև նրան նվիրված վավերագրական ֆիլմից հատվածների ցուցադրությամբ:

Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդ՝ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գնահատելով Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգը, խրախուսանքի խոսքեր ուղղեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նորաստեղծ` «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթին, մաղթելով նոր լիցք ու թափ հայ մշակույթը Թբիլիսիում զարգացնելու գործում: