27 դեկտեմբերի 2011 - 14:25 AMT
Հարություն Շատյան. Ամանորը ընտանեկան տոն է, և այն պետք է դիմավորել տանը

2011 թ-ը նշանակալից էր երիտասարդ և խոստումնալից կինոռեժիսոր Հարություն Շատյանի համար: Շատյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր «Բեռնելով կյանքս» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ մայիսի 26-ին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ստացավ կինոռեժիսորի համար ամենակարևոր մրցանակը` «լավագուն հայկական ֆիլմ» անվանակարգը: Տարին իր համար նոր փորձություններ հաղթահարելու և փորձ ձեռք բերելու տարի էր, ինչի համար ռեժիսորը ուրախ է:

Հարությունը, ի տարբերություն շատ երիտասարդների, նախընտրում է Ամանորը դիմավորել տանը` ընտանիքի և հարազատների հետ, որովհետև այն ընտանեկան տոն է: Այնուամենայնիվ նա սիրում է նաև ընկերական և նույնիսկ անծանոթ մարդկանց շրջապատում անցկացնել տոները:

Շատյանը խոսելով գալիք տարվա մասին, ինչպես և քանդակագործ Վիգեն Ավետիսը, հույս ունի որ այն վերջինը չի լինելու Երկիր մոլորակի համար, որովհետև ստեղծագործական մտքեր շատ ունի: Շատյանի Ամանորի մաղթանքը հայ ժողովրդին հետևյալն է. «Հայ ժողովրդին մաղթում եմ, որ 2012 թ-ին չասեն թե 2011-ը ավելի լավն էր, և ընդհանրապես առիթ չունենան ասելու, որ երեկ ավելի լավ էր, քան այսօր»: