2011-ին Հայաստանում սոցիալական ցանցերի առաջատարը շարունակեց մնալ Odnoklassniki ցանցը

2011-ին Հայաստանում սոցիալական ցանցերի առաջատարը շարունակեց մնալ Odnoklassniki  ցանցը

PanARMENIAN.Net - Ողջ աշխարհում 800 միլիոն օգտագործող ունեցող Facebook սոցիալական ցանցում Հայաստանից կա ընդամենը 242 000 օգտագործող: Սա 2011-ի վերջին տվյալներն են ըստ socialbakers.com վիճակագրական ընկերության: Այս ցուցանիշը շատ փոքր է՝ համեմատած ռուսական Odnoklassniki սոցիալական ցանցի 640 000 հայ օգտագործողների հետ (Liveinternet-ի տվյալներով): Odnoklassniki-ն շարունակում է մնալ ամենաճանաչվածը Հայաստանում, սակայն միևնույն ժամանակ, ամենապասիվը՝ հասարակական ակտիվության տեսանկյունից:

Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք 2011-ին ճանաչված սոցիալական ցանցերի զարգացման ընթացքը Հայաստանում, ապա կնկատենք, որ յուրաքանչյուրն ունի հստակ թիրախավորված լսարան:

Ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, Odnoklassniki-ում մարդիկ հիմնականում գրանցվում են անձնական շփման համար. «Կայքն իր կառուցվածքով և գործիքներով հենց այդպիսինն է: Այն ավելի շատ զրույցների համար է և խմբային էֆեկտ չի տալիս: Իսկ Facebook-ն ավելի սոցիալականացված է: Ունի գործիքներ, որոնք նպաստում են հասարակական ակտիվությանը և հարմար են ակտիվիստների համար»:

Բացի Odnoklassniki-ից և Facebook-ից Հայաստանում քիչ թե շատ տարածված են նաև Vkontakte և հայկական HayLand սոցիալական ցանցերը: Սամվել Մարտիրոսյանի խոսքով, Vkontakte-ն Հայաստանում ակտիվ չէ՝ ի տարբերություն Ռուսաստանի: Նրա կարծիքով, հիմնական օգտագործողներն այցելում են ֆիլմեր դիտելու և երաժշություն ներբեռնելու նպատակով: «Դե իսկ HayLand-ն էլ ունի իր ստաբիլ լսարանը, որը դեռ կարողանում է դիմադրել մեծ սոցիալական ցանցերին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Վերջերս HayLand-ի ղեկավար Արտաշես Մկրտչյանը նշեց, որ ցանցում կա 135 000 օգտագործող, որոնցից ակտիվ են 75 000-ը: Իսկ Vkontakte-ի վիճակագրությունը ցույց է տալիս Հայաստանից 322 000 օգտագործող:

Խոսելով սոցիալական ցանցերի մասին, հարկ է մեկնաբանել նաև 2011-ի բում համարվող Google+ սոցիալական ցանցը, որը գործարկումից հետո մի քանի ամսում ձեռք է բերել 40 միլիոն օգտագործող: Ի սկզբանե բոլորը սկսեցին դիտարկել այն որպես Facebook-ի մրցակից: Սակայն դեռ վաղ է այս մասին խոսել, այն էլ Հայաստանում: Google+-ում հայ օգտագործողների քանակի մասին որևէ վիճակագրություն չկա: Ըստ Սամվել Մարտիրոսյանի, Google+-ը դեռ «հում է» և բոլորն այն պահում են որպես «ավանդ, ձեռքի հետ». «Կարծում եմ դրա ազգդեցությունն ավելի թույլ է Հայաստանում, քան Twitter-ինը, որը կրկին շատ փոքր և աննշան ազդեցություն ունի Հայասատանում»:

Աշխարհում հեղափոխությունների հեղինակ Twitter միկրոբլոգային ցանցը Հայաստանում ունի մոտ 1000 ակտիվ օգտագործող: Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, Twitter-ում շատերը գրանցվում են, սակայն ոչ մի գրառում չեն անում:

Դե իսկ Հայաստանում սոցիալական ցանցերի դաշտում «Տարվա հայտնություն» անվանակարգը կարելի է շնորհել Foursquare-ին՝ աշխարհում գեոլոկացիոն սոցիալական ցանցերի առաջատարին: Foursquare-յան «նորաձևությունը» Հայաստանում սկսեց տարածվել «ԲարՔեմփ 2011-ից» հետո: 15 միլիոն օգտագործող ունեցող այս ցանցում հայ օգտագործողները աննշան մասնիկ են կազմում՝ ըստ «աչքաչափի», քանի որ չկա որևէ վիճակագրություն, այստեղ կա 1000-ից ավելի հայ օգտագործող, որից ակտիվ են մոտ 600-ը և հավանաբար վերջիններս հայկական համացանցի ակտիվիստներն են:

Հայաստանում 2011-ին արագորեն աճեց ինտերնետ հասանելիությունը: Դա պայմանավորված է ինտերնետի և համակարգիչների՝ գնալով ավելի մատչելի դարձող գներով: Գալիք 2012-ին էլ ավելի շատ մարդիկ կունենան համակարգիչ ու ինտերնետ և սկսնակ օգտագործողների առաջին քայլերից մեկը կլինի որևէ սոցիալական ցանցում գրանցվելը: Օրեցօր ավելանում է նաև սմարթֆոն օգտագործողների թիվը:

2012-ին ակնկալվում է նշված բոլոր սոցիալական ցանցերում հայ օգտագործողների աճի կրկնապատկում, դե իսկ Facebook-ում հասարակական ակտիվությունը օրեցօր կաճի, քանի որ առջևում խորհրդարանական ընտրություններն են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---