27 դեկտեմբերի 2011 - 17:03 AMT
Մի խումբ արվեստի գործիչներ արժանացան պետական պարգևների

Երեկ` դեկտեմբերի 26-ին ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորեց և հանդիսավորությամբ պետական պարգևներ հանձնեց հանրապետության վաստակաշատ մի շարք արվեստագետների, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալներ հանձնվեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պոֆեսոր Սերգեյ Սարինյանին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանին: «Մովսես Խորենացի» մեդալներ հանձնվեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին, գրող, թարգմանիչ Արևշատ Ավագյանին, «Սպեղանի» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սարինա Ավթանդիլյանին, արվեստաբան Պողոս Հայթայանին, Հայաստանի «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթի նկարիչ Ռուբինե Հովհաննիսյանին, խմբավար, մանկավարժ Գենիկ Գասպարյանին, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Կորյուն Ղաֆադարյանին, գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանին: Վաստակավոր արտիստի կոչում ստացան Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի արտիստուհի Անահիտ Բաբելյանը, նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը: Ազգագրագետ Լևոն Աբրահամյանին հանձնվեց Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Նախարար Հասմիկ Պողոսյանը գնահատանքի խոսքեր ասաց և նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով պարգևատրեց նաև կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևին և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Սեյրանուհի Գեղամյանին: