27 դեկտեմբերի 2011 - 18:01 AMT
Ահմեդ Դավութօղլուն հավաստիացնում է, որ Թուրքիան պատրաստ է առերեսվել իր պատմության հետ

Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ այն դեպքում, եթե այն օբյեկտիվորեն քննարկվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև Շվեյցարական համադաշնության նախագահ և Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը: Ըստ նրա, հայ և թուրք պատմաբանները պետք է ներգրավված լինեն այն գործընթացում, որը պետք է նպաստի բոլոր արխիվների բացմանը: Այս համատեքստում նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության օրինագծի նկատմամբ Թուրքիայի արձագանքը պայմանավորված էր նրանով, որ այն անհնար է դարձնում երկու երկրների պատմաբանների միջև ցեղասպանության վերաբերյալ քննարկումները: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան կշարունակի իրականացնել իր առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում և կօգնի հաստատել արդար խաղաղություն Կովկասում: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և տևական խաղաղություն կհաստատվի, հաղորդում է Today's Zaman-ը:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատացել են այն բանից հետո, ինչ դեկտեմբերի 22 Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: