27 դեկտեմբերի 2011 - 18:48 AMT
ԿԱՐԾԻՔ
Խոսք թուրքական սուլթանի և Բրիտանիայի թագուհու բարեկամության մասին

Թուրքիայի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ բազմադարյա պատմություն ունեն: Այդպես, Օսմանյան կայսրությունը պատմական տևական ժամանակաշրջանի ընթացքում համագործակցել է Բրիտանիայի հետ տարբեր ոլորտներում՝ Մեծ Բրիտանիան սատարել է Օսմանյան կայսրությանը Ռուսաստանի և Ֆրանսիայի դեմ դիմակայությունում, իսկ օսմանյան պետությունը նպաստել է Բրիտանիայի կողմից Հնդկաստանի գաղութացմանը Միջերկրական ծովով:

Չնայած հարաբերությունների վատթարացմանն Առաջին աշխարհամարտի տարիներին, թուրք-բրիտանական կապերը կրկին ամրապնդվեցին 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ Թուրքիան անդամակցեց ՆԱՏՕ-ին: Ընդհանուր առմամբ երկու երկրների հարաբերությունների մասին կարելի է ասել, որ «ձեռքը ձեռք է լվանում»: Այսօր ևս Մեծ Բրիտանիան լավ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը չկորցրեց՝ սատարելով նրան Ցեղասպանության ուրացման հարցում, սակայն այս անգամ անելով դա խոշորագույն բրիտանական պարբերականներից մեկի՝ The Guardian-ի միջոցով:

Օրերս թերթը հոդված էր հրապարակել, նվիրված Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ քննադատելով Ֆրանսիայի իշխանություններին «անցյալի համար» օրենք ընդունելու համար: Միակ փաստարկը, որով հիմնավորված էր Ֆրանսիային ուղղված քննադատությունը, հայտարարությունն էր այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ հայերին ու թուրքերին վերաբերող հարց է:

Ծիծաղելի է հիմնավորել մարդկության դեմ ամենածանր հանցագործության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժման անհրաժեշտությունը նման դիլետանտական խոսքերի ու գաղափարների միջոցով: Հատկապես, երբ այսօր Արևմուտքը, այդ թվում նաև Մեծ Բրիտանիան այդքան կրքոտ հանդես են գալիս արևելյան երկրների պետական կառուցվածքը վերափոխելու օգտին: Այս դեպքում ո՞ւր է անհայտանում Միացյալ Թագավորության «չեզոք» ու «հավասարակշռված» քաղաքականությունը:

Ձախողված կայսրության բարդույթը, որը կորցրել է նախկին իշխանությունը, արդյունքում հանգեցնում է մեծ հակասությունների հռչակված քաղաքական ուղու և real politik-ի միջև, ինչն ուղղակի ավելի է արժեզրկում իրար փոխարինող բրիտանացի վարչապետների երկրի ժողովրդավարական հիմքերը ցույց տալու ճիգերը:

Ինչ վերաբերում է «անցյալի համար օրենքին» հատկանշական է, որ Հոլոքոսթը ևս չի ճանաչվել անմիջապես այն գործելուց հետո, իսկ նյութական հատուցման մասին համաձայնագիրը կանցլեր Կոնրադ Ադենաուերը ստորագրել է միայն 1952թ.:

Նման վարքագծի տրամաբանական եզրակացությունն ու միակ «արդարացումը» մեկն է՝ միայն տնտեսական համագործակցությունը, իսկ Բրիտանիան թուրքական արտադրանքի ներկրման ծավալով (8 տոկոս) երկրորդ երկիրն է, կարող է ստիպել Մշուշոտ Ալբիոնին տեղի տալ մի երկրի, որը ղեկավարվում է մեղմ ասած ոչ այնքան ժողովրդավարական սկզբունքներով՝ շրջանցելով համամարդկային բարոյականությունն ու եվրոպական արժեքները…

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News