28 դեկտեմբերի 2011 - 10:41 AMT
Վրոցլավում EURO-2012 մարզադաշտը վերջնականապես պատրաստ կլինի 2012թ մարտին

Շինարարական աշխատանքները Վրոցլավի մարզադաշտում, որը պաշտոնապես բացվել է այս տարվա աշնանը, վերջնականապես կավարտվեն հաջորդ տարվա մարտին:

Ընդունող Վրոցլավի և շինարարության գլխավոր կապալառուի միջև բանակցություններ են տարվում` համաձայնության հիմնական հավելվածի շուրջ: Փաստաթղթում կհամաձայնեցվեն աշխատանքների ավարտման վերջնական ժամկետները և շինարարությունն իրականացնողների լրացուցիչ գումարները:

«Մնացել է միայն ավարտել օբյեկտի էլեկտրաֆիկացման գործընթացը, հեռուստատեսային հեռարձակման նախապատրաստումը: Բացի այդ, անհրաժեշտություն կա ճշտելու ավտոկայանատեղիների տարածքը և էստակադայում արագ սնունդի կետերի տեղակայությունը»,-ասել է գլխավոր կապալառուի մամուլի-քարտուղար Յան Վավժինյակը, հաղորդում է sport.comments.ua-ն: Ըստ նրա, վերանայման են ենթակա կողմերի միջև պայմանագրի ֆինանսական պայմանները. «Լրացուցիչ հատկացումները վերաբերում են աշխատանքներին, որոնք նշված չեն սկզբնական համաձայնությունում, սակայն որոնք մենք պետք է վճարենք ՈւԵՖԱ-ի նոր պահանջների համաձայն»:

Վրոցլավի մարզադաշտը, որն ընդունելու է Եվրոպայի 2012թ առաջնության խաղերը, բացվել է 2011թ սեպտեմբերի 10-ին` բռնցքամարտիկներ Վիտալի Կլիչկոյի և Թոմաշ Ադամեկի միջև մենամարտից հետո: