28 դեկտեմբերի 2011 - 13:40 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Նուռ» ոսկե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Նուռ» ոսկե հուշադրամը: Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, թողարկվել են 5 հազար ոսկե հուշադրամներ, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 500 դրամ է

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 և անվանական արժեքը` 500 դրամ: Եզրաշուրթի մոտ վերևում և ներքևում կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով «ՆՈՒՌ» և «PUNICA GRANATUM» գրառումներն են: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը 500 դրամ, մետաղը և հարգը ոսկի, 999,90 , զանգվածը 1,24 գ, տրամագիծը 13,92 մմ, դրամաշուրթը ատամնավոր, որակը պրուֆ, տպաքանակը մինչև 5000 հատ: