28 դեկտեմբերի 2011 - 16:29 AMT
2012 թվականը ՀԿԵ-ում հռչակվել է Անձնակազմի հետ աշխատանքի տարի

«ՀԿԵ»ՓԲԸ-ն 2012 թվականին կշարունակի զարգացնել սոցիալական երկխոսության համակարգն ընկերությունում, հայտնել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը` ներկայացնելով 2011թ. երկաթուղու աշխատանքի արդյունքները Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ ամփոփիչ խորհրդակցության ժամանակ: «2012 թվականն ընկերությունում Անձնակազմի հետ աշխատանքի տարի է հռչակվել: Մենք սոցիալական քաղաքականությունը չենք դիտարկում որպես ծախսատար մեխանիզմ: Մեզ համար դա աշխատանքի արտադրողականության բարձրացման և զարգացման գործիք է»,- ընդգծել է ընկերության տնօրենը:

Ինչպես նշել է Շայդուլինը, երկաթուղու աշխատակիցների միջին աշխատավարձը ներկայումս կազմում է 146 593 դրամ, ինչը 9,7 տոկոսով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:

Ավելին, նրա խոսքով, «ՀԿԵ»ՓԲԸ 2011թ. ներդրումային ծրագիրն ամբողջությամբ կատարվել է: «2011 թվականին ընկերության ներդրումները կազմել են 16,5 մլրդ դրամ: Այս տարի մեր առաջնահերթությունները դարձան գնացքների բեռնատարությունը, կայարանների զարգացումն ու արհեստական կառույցների արդիականացումը: 2012-ին առաջնահերթ ուղղությունները կդառնան տեխնոլոգիաների և շահագործման աշխատանքների կառավարման կատարելագործումը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը, ռեսուրսապահպան տեխնոլոգիաների ներդրումը»,- ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով` «ՀԿԵ»ՓԲԸ 2011թ. ներդրումային ծրագրի առնչությամբ ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 13,4 մլրդ դրամ, որից 13,1 մլրդ դրամ ծախսվել է ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների վրա, իսկ 313 մլն դրամ` շարժակազմի թարմացման: Շայդուլինը նկատել է, որ «ՀԿԵ»ՓԲԸ կոնցեսիոն գործունեության սկզբից ի վեր ավելի քան 73 մլրդ դրամ է ներդրվել, ինչը Հայաստանի երկաթուղու կայուն զարգացման երաշխիքն է:

Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ երկաթուղու վրա իրականացված աշխատանքների շնորհիվ 2011 թվականը հաջողվել է ավարտել առանց վթարների, իսկ խոտանների և խախտումների ընդհանուր թիվը 2011 թվականին 2010-ի համեմատ նվազել է 22 տոկոսով (270-ից 169 դեպք):