28 դեկտեմբերի 2011 - 17:51 AMT
ԱՊԼ. Իրադրությունը Սիրիայում դեռևս հուսադրող է

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաքելության ղեկավար Մուստաֆա Դաբին, որը նախօրեին ժամանել է Սիրիա, հայտնել է, որ Հոմս քաղաքի որոշ շրջաններ վատ վիճակում են, սակայն դիտորդները ոչ մի սարսափելի բան չեն տեսել:

«Կային որոշ վայրեր, որտեղ ամենալավ վիճակը չէ: Բայց ոչ մի ահավոր բան, համենայնդեպս, մենք այնտեղ եղել ենք: Ամեն ինչ հանգիստ էր, և որևէ բախումներ չկային»,- ասել է նա:

«Իրադրությունը Սիրիայում դեռևս հուսադրող է,- հավելել է Դաբին:- Մենք ոչ մի տանկ չենք տեսել, բայց փողոցներում իսկապես մի քանի զրահամեքենա կա»:

Շաբաթվա սկզբին ԱՊԼ 60 օտարերկրյա փորձագետներ Կահիրեից ժամանեցին Դամասկոս: Ընդհանուր առմամբ, ինչպես սպասվում է, դիտորդները մոտ 200-ն են լինելու: Նրանց խնդիրն է ուսումնասիրել իրադրությունը տեղում և, մասնավորապես, գնահատել, թե ինչպես է նախագահ Բաշար Ասադը կատարում հաշտության պայմանագիրը, որի համաձայն նա պետք է քաղաքներից դուրս բերի զորքերն ու երկխոսություն սկսի քաղաքական հակառակորդների հետ:

Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 5 հազարի: