ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է Հայաստանում առաջին 4G/LTE ցանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է Հայաստանում առաջին 4G/LTE ցանցը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են Հայաստանում 4G/LTE առաջին ցանցի կոմերցիոն գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ:

Իրական պայմաններում 3G տեխնոլոգիաների համեմատությամբ 4G/LTE տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման և վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն: Կոմերցիոն հիմունքներով 4-րդ սերնդի ծառայություններ առաջարկելու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջինն է:

Նախնական շրջանում, 4G/LTE ցանցը կգործի Երևանի կենտրոնում: Հետագայում տեխնոլոգիան կներդրվի Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև այլ մարզկենտրոններում:

Բաժանորդներին առաջարկվող 4G/LTE մոդեմը տեսականորեն ապահովում է ներբեռնման դեպքում մինչև 100 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ արագություն: 4G/LTE տեխնոլոգիայի` աշխարհի ոչ մեծ թվով երկրներում իրականացված կոմերցիոն փորձարկումների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ապագայում 4G/LTE-ն կլինի նոր սերնդի շարժական լայնաշերտ ինտերնետի առավել ծախսարդյունավետ և տարածված տեխնոլոգիան:

4G/LTE «Ինտերնետ էքսպրեսե» փաթեթում անլար մոդեմի արժեքն է 80 000 դրամ, միացման վճարը՝ 20 000 դրամ, որը ենթակա է վճարման միայն մոդեմի վարձակալության դեպքում։ Ամսական վճարն է 15000 դրամ, երաշխիքային կանխավճարն է 15000 դրամ (հաշվանցվում է 4-րդ ամսին), առավելագույն արագությունը` մինչև 6 Մբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ։

Նախքան 4G/LTE ցանցի կոմերցիոն մեկնարկը, 2010թ. դեկտեմբերից ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում էր ֆունկցիոնալ փորձարկումներ` ցանցի աշխատանքի առանձնահատկությունները, վերջնական սպառողին մատուցվող ծառայության արագությունն ու որակն ուսումնասիրելու և գնահատելու նպատակով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկեց Հայաստանի առաջին 4G/LTE ցանցը` բիզնես-գործունեության համար կապի առավել նպաստավոր ենթակառուցվածք ստեղծելու նպատակով: Բացի այդ, LTE ցանցի մեկնարկի շնորհիվ Հայաստանը կդասվի 4G ցանց ներդրած հազվագյուտ երկրների շարքին: 4G/LTE ցանցի փորձարկումը ցույց տվեց, որ այս նորարարական տեխնոլոգիական պլատֆորմը Հայաստանում ներդնելու մեր որոշումը լիովին արդարացված էր: 4G ծառայությունները նախատեսված են թե անհատական բաժանորդների, և թե գործարարների համար` ապահովելով տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններ», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ի կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 4G LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանցի կառուցման նպատակով մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը 40ՄՀց լայնությամբ` Երևանում 2500-2520 և 2620-2640, իսկ մարզերում` 2600-2640 ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---