9 հունվարի 2012 - 10:55 AMT
Ահմեդ Դավութօղլու. ԱԷԿ-ի կառուցման հարցում Թուրքիան մտադիր է համագործակցել Ճապոնիայի հետ

Հնարավոր է գարնանը միջուկային էներգետիկայի ոլորտում Ճապոնիայի հետ ստորագրվի համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ Թուրքիայի բանակցությունները Ճապոնիայի հետ դադարեցվել էին նախորդ տարվա մարտի 11 Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած միջուկային աղետի պատճառով: Դավութօղլուն ընդգծել է, որ «իրենք հավատում են ճապոնական տեխնոլոգիաներին և դրանց անվտանգությանը», ցանկություն հայտնելով ԱԷԿ-ի կառուցման հարցում համագործակցել Ճապոնիայի հետ: Ըստ նրա, բանակցությունները չեն շարունակվում այն պատճառով, որ ճապոնական միջուկային տեխնոլոգիաների վաճառքը արտասահմանում դարձել է զգայուն հարց:

Ահմեդ Դավութօղլուն նաև ընդգծել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները վերսկսելու մասին: «Վեց երկրներ, որոնց թվին են պատկանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և Գերմանիան, կվերսկսեն Թուրքիայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները»,-ասել է նա:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ «թուրք-սիրիական սահմանում փախստականների հոսքի ավելացման դեպքում, Թուրքիան տվյալ հարցը կառաջարկի ՄԱԿ-ի քննարկմանը»,-հայտնում է TRT Russian-ն: