9 հունվարի 2012 - 11:02 AMT
ԱՊԼ որոշել է Սիրիայից ետ չկանչել դիտորդներին

ԱՊԼ հանձնաժողովի ԱԳ նախարարները Սիրիայում իրավիճակի կարգավորման նպատակով, որոշել են ետ չկանչել դիտորդներին այդ երկրից, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով եգիպտական ՄԵՆԱ գործակալությանը:

«Դիտորդներին ժամանակ կտրվի իրենց առաքելության իրականացման համար` համաձայն ստորագրված արձանագրությունների»,-ասվում է ԱՊԼ հաղորդագրությունում:

Կիրակի արաբ նախարարներին է ներկայացվել դիտորդների առաջին տասը օրերին կատարած աշխատանքների արդյունքները: Զեկույցով է հանդես եկել առաքելության ղեկավար սուդանցի գեներալ Մուհամմեդ Մուսթաֆա ադ-Դաբին:

ԱՊԼ դիտորդների առաքելությունը ներկայումս ներառում է 165 մասնագետներ` մարդու իրավունքների և անվտանգության ոլորտներում: Այն Սիրիայում գործի է անցել դեկտեմբերի 26 և արդեն իսկ այցելել է մի շարք սիրիական քաղաքներ, այդ թվում` Հոմսը և Դերրան, որտեղ գրանցվել է զոհերի ամենամեծ քանակությունը և ամենախիստ բախումները ընդդիմության և սիրիական բանակի միջև:

Սիրիայում կարգավորման հանձնաժողովի մեջ են մտնում Քաթարը` որպես նախագահ-երկիր, ինչպես նաև Եգիպտոսը,Ալժիրը, Սուդանը, Օմանը և Սաուդյան Արաբիան:

Սիրիայում տեղում իրականացվող մոնիթորինգը համարվում է ԱՊԼ ծրագրի մի մաս, որն ուղղված է այդ երկրում արյունահեղությունների դադարեցմանը և իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն սկսելուն:

Սիրիայում արդեն 10 ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերին: Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում մարդկանց մահվան մասին` ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ իշխանական կառույցների ներկայացուցիչների: