9 հունվարի 2012 - 11:24 AMT
ԱԻՆ-ում տեղի է ունեցել ղեկավար անձնակազմի 2012 թ. առաջին խորհրդակցությունը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար անձնակազմի 2012 թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: ԱԻՆ-ից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր, 2012 թ. նախարարության գերակա խնդիրներն ու հիմնական անելիքները։

Հանձնարարական է տրվել ծառայությունների և ՊՈԱԿ-ների ղեկավարներին` ծառայությունների օպտիմալացման և ներքին հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար։

Նախարարին զեկուցվել է, որ տոն օրերի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 120 դեպքի ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք, ինչպես նաև ստուգումներ են իրականացվել Երևանի և մարզերի հրշեջ մասերում։ Հատուկ ուշադրություն է հրավիրվել քաղպաշտպանության ծառայության արդյունավետության բարձրացմանն ու մարզերի հետ աշխատանքների ակտիվացմանը, ինչպես նաև 911 ծառայության զարգացմանը։