9 հունվարի 2012 - 12:08 AMT
Ալեքսեյ Վլասով. Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի շրջանակները 2012թ. լիակատար մշուշի մեջ են

2011թ. արդյունքները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, ցավոք, այնքան էլ մխիթարող չեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, ՄՊՀ պատմական ֆակուլտետի փոխդեկան, ռուս քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը:

Ըստ նրա, Կազանի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Երևանն ու Բաքուն պատրաստ չեն, տարբեր պատճառներով, ստորագրել հակամարտության կարգավորման նոր փուլն ազդարարող փաստաթուղթ: «Հետևաբար, եռակողմ բանակցությունների ձևաչափը Մոսկվայի միջնորդությամբ արդեն չէր կարող անհրաժեշտ արդյունքը տալ: Իսկ Սարկոզիի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ հարցականի տակ դրեց միջնորդության նախկին ձևաչափը: Այդ դեպքում անիմաստ է փնտրել մեղավորների, քանի որ պատասխանատվությունը միևնույն է ընդհանուր է»,-ասել է ռուս փորձագետը՝ հավելելով, որ համաձայն է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ այն հարցում, որ ղարաբաղյան հակամարտությունը գրեթե միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որը դեռ կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը՝ Վլասովն ասել է. «Հավանականություն կա, սակայն, ես այն չէի գնահատի 99 տոկոսի սահմանում: Համաձայնության հասնելու շանսը պահպանվում է»:

Փորձագետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ հարկավոր է համաձայնության գալ բանակցությունների ձևաչափի վերաբերյալ և նորից համաձայնեցնել այդ գործընթացի փուլայնությունը: «Թուրքիայի ներգրավումը միջնորդների շարքերում ես լիովին բացառում եմ, իսկ եթե Ադրբեջանը պնդի, որ Ֆրանսիան պետք է դուրս գա, ապա ո՞վ կփոխարինի նրան: Իսպանի՞ան: Տեսնո՞ւմ եք, նույնիսկ այս հարցում պարզություն չկա: Ուստի Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի շրջանակները 2012թ. լիակատար մշուշի մեջ են, իսկ դա լուրջ ռիսկեր է պարունակում տարածաշրջանում խաղաղության համար»,-ասել է Ալեքսեյ Վլասովը, հայտնում է 1news.az-ը: