Հայկ Մելիքյանն ու Էվիս Սամուտիսն արժանացել են Yvar Mikhashoff մրցույթի հատուկ մրցանակին

Հայկ Մելիքյանն ու Էվիս Սամուտիսն արժանացել են Yvar Mikhashoff մրցույթի հատուկ մրցանակին

PanARMENIAN.Net - Հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը և կիպրոսցի կոմպոզիտոր Էվիս Սամուտիսն արժանացել են ամերիկյան Բուֆալո քաղաքում անցկացվող Yvar Mikhashoff ամենամյա մրցանակաբաշխության հատուկ մրցանակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց դաշնակահարը: Մրցույթն անցկացվում է կոմպոզիտոր-դաշնակահար զույգի սկզբունքով:

Ստեղծագործությունը գրվել է 2011 թ-ին և նույն տարում էլ ներկայացվել մրցույթին, իսկ հաղթողների անունները հայտարարվել են օրերս: Մրցույթին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից դաշնակահար-կոմպոզիտոր ավելի քան 50 զույգ: Մելիքյանը նշեց, որ ստեղծագործության պրեմիերան տեղի է ունենալու 2013 թ. սեպտեմբերին` իր մենահամերգի ժամանակ, սպասվում է նաև կոմպոզիտորի այցը Հայաստան: Մելիքյանը մեկ անգամ արդեն կատարել է Սամուտիսի ստեղծագործություններից մեկը` 2011 թ-ին:

Մրցույթի հաղթող է ճանաչվել դաշնակահար Էրիկ Հուբներ-կոմպոզիտոր Էրիկ Ուբելս զույգը: Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար դաշնակահարներից է: Ծնվել է 1980 թ-ին Երևանում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Իրինա Գրիշինսկայայի մոտ, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում` պրոֆ.Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Հ.Մելիքյանի միջազգային համերգային դեբյուտը կայացել է Հռոմում` Concerto Di Concerti 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Հ.Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս`Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Կիպրոսում, Ճապոնիայում, Մեքսիկայում և այլուր: Նա բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների հաղթող է:

Կիթառահար և կոմպոզիտոր Էվիս Սամուտիսը ծնվել է 1979 թ-ին Կիպրոսում: 1998 թ-ին տեղափոխվել է Անգլիա, ուսումը շարունակելու նպատակով: 2005 թ-ին Յորքի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Մասնակցել է աշխարհի բազմաթիվ փառատոների, մրցույթների, գիտաժողովների: Նրա ստեղծագործությունները կատարում են աշխարհի 30 երկրներում և հնչում են ամբողջ աշխարհի ռադիոկայաններով: Այժմ նա անկախ կոմպոզիտոր է, ով հանդես է գալիս որպես կոմպոզիտոր, գործիքավորող և դասախոս, նախագծեր է իրականացնում ԱՄՆ-ում, Կիպրոսում և Մեծ Բրիտանիայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---