17 նոյեմբերի 2003 - 23:07 AMT
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ «ՀԱՐԵՎԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ» ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ թեժ բանավեճ է ծավալվել նոյեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 22-րդ լիագումար նիստի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ահաբեկչության եւ էքստրեմիզմի այլ դրսեւորումների դեմ պայքարի հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանի միլի մեջլիսի փոխնախագահ Արիֆ Ռահիմզադեն ելույթ է ունեցել ավանդական դարձած անհիմն մեղադրանքներով Հայաստանի պատվիրակության հասցեին, որն իբր ներկայացնում է ահաբեկչությամբ զբաղվող երկիր, եւ որի գործակալները «1991 թվականից քուն ու դադար չեն տալիս ադրբեջանցիներին»: Իր հերթին Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը` մի շարք փաստարկներ է ներկայացրել այդ մեղադրանքների դեմ` հիշեցնելով որոշ միջազգային կազմակերպությունների տեղեկատվություններ` Բաքու ձգվող Ալ Քաիդայի կապերի մասին: Հայ խորհրդարանականն ընդսմին առաջարկել է ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում առանձին քննարկում կազմակերպել այդ հարցի պարզաբանման համար: