Գյուղապետ. Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում

Գյուղապետ. Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում

PanARMENIAN.Net - ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին` մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը:

«Ուզում եմ հայ հանրությանը տեղյակ պահել, որ գյուղի տարածքի համար վերջին ամիսներին մղվող պատերազմի ընթացքում Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում գյուղի և գյուղացիների հանդեպ, թեև նրանց ահաբեկումներից մենք չենք ընկճվում: Դեռևս երկու տարի առաջ են գյուղի երկու ճանապարհի վրա արգելափակոց դրել և շուրջօրյա հսկողություն սահմանել դեպի գյուղ եկող-գնացողների վրա: Իսկ հիմա Քաջարան գյուղի բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չեն ընդունում` մարդկանց հուսահատության մատնելու համար»,- նշել է գյուղապետը:

Նա դիմում է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին` իրենց երկրի կառավարության միջոցով ապահովել «Քրոնիմետ մայնին» ընկերության տնօրեն Պիլարսկու այցը Քաջարան գյուղ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այդ ընկերությունն է կոմբինատի գլխավոր սեփականատերը. «Գյունտեր Պիլարսկին պետք է բացատրություն տա քաջարանցիներին, թե ինչու են անպայման հավակնում մեր գյուղի տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի ևս 2 դար»:

Գյուղապետը դիմում է նաև Հայաստանի կառավարությանը` վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում` ամեն օր գյուղի օդային ավազանին և շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող աներևակայելի վնասների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---