10 հունվարի 2012 - 14:51 AMT
Հոգեբան. Սթրեսից խուսափելու համար հանգստից հետո աշխատանքի պետք է վերադառնալ աստիճանաբար

Մարդկանց տագնապը հետտոնական սթրեսի նկատմամբ ավելի մեծ է, քան բուն սթրեսը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ երևույթի մասին չափից շատ է խոսվում. «Մարդիկ մտածում են, որ եթե երևույթը կա, ուրեմն կարող է իրենց հետ էլ լինել»։

«Ես սա կբնութագրեի hետտոնական սթրես, և ոչ թե դեպրոսիա, քանի որ վերջինս ախտաբանական երևույթ է, հիվանդություն։ Սթրես է, և այն էլ ոչ շատ բարձր աստիճանի»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ գոյություն ունեն նաև նախատոնական ու բուն տոնական սթրեսեր. «Մարդիկ կան տոներ չեն սիրում, և տոնն արդեն իսկ սթրես է իրենց համար։ Բայց մարդկանց նաև տոներ ու հանգիստ է անհրաժեշտ, եկեք չփնովենք տոները»։

Կարինե Նալչաջյան նշեց, որ մարդու ներքին հարմարման պոտենցիալը շատ մեծ է, և առանց արտառոց հարմարվողական գործողություններ կատարելու մարդը սկսում է հարմարվել, պաշտպանական մեխանիզմները սկսում են աշխատել։

«Մարդիկ ինտուիտիվ հաղթահարման քայլեր են անում։ Առաջին աշխատանքային օրը տոնի իներցիան պահպանվում է։ Իսկ բուն աշխատանքի մեջ պետք է մտնել աստիճանաբար, սկսել հեշտ խնդիրներից, կիսատ մնացած գործերից»,- խորհուրդ տվեց հոգեբանը։

Ըստ բանախոսի, շատ ուտելը ևս կարող է դիտվել որպես սթրեսածին գործոն, քանի որ օրգանիզմը ծանրաբեռնվում է, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել վատ ինքնազգացողության։ Սթրեսածին են նաև չափից շատ ծախսերն ու գերծանրաբեռնվելը։ Հոգեբանը խորհուրդ է տալիս տոնը կազմակերպել այնպես, որ այն լինի հաճելի, և ոչ թե հոգնեցուցիչ։