10 հունվարի 2012 - 18:53 AMT
Քանդակագործ Դավիթ Երևանցին պարգևատրվեց Սփյուռքի նախարարության մեդալով

Հունվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ֆրանսահայ քանդակագործ Դավիթ Երևանցուն պարգևատրեց նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար:

Անվանի քանդակագործը նշանակալի ներդրում ունի Սփյուռքում հայապահպանության և Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում: Դավիթ Երևանցու գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում: Միայն Փարիզում և նրա արվարձաններում տեղադրված է Դ.Երևանցու` Հայոց Ցեղասպանության թեմայով երեք գործ:

2009թ. Երևանում բացվեց Դավիթ Երևանցու հեղինակած Վիլյամ Սարոյանի արձանը: Շուտով պատրաստ կլինի, իսկ ապրիլի 23-ին հանդիսավորությամբ կբացվի հեղինակի «Մշո ճառընտիր» ստեղծագործությունը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: