11 հունվարի 2012 - 18:21 AMT
Մայր Աթոռում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու փլուզման խնդիրը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է հետևյալ հայտարարությունը. «Դեռևս 2011թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացում էր արվել, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն կդրսևորվի:

Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը և հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջև»:

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղել Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները:

Հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը:

ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները: