ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանի պարզաբանումներ է տվել 2011թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր չէր փրկել զինվորի կյանքը՝ Արտաշես Փարսադանյանն ասել է, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում որոշվել է, որ հիվանդի մոտ կա ջրծաղիկ` նրա վիստերիալ ձևը, այսինքն` ներքին օրգանների ախտահարող ձևը, ջրծաղիկային էնցեֆալիտ, ծանր ինտոկսիկացիա, դիվերս սինդրոմ` հեմորագիր զարգացումներով: Իսկապես զինվորի մոտ շատ արագ, ես կասեի` կայծակնային արագությամբ, զարգացել է ջրծաղիկի այս տարատեսակը, որը ոչ թե ջրծաղիկի բարդություն է համարվում, այլ ջրծաղիկի հիվանդության այլ տեղակայում: Այն կարող է ախտահարել որովայնի բոլոր օրգանները, կրծքավանդակի օրգանները և կենտրոնական նյարդային համակարգը, ինչպիսին գլխուղեղն է, որի նշանները այդ զինվորի մոտ եղել են: Զարգացումները շատ արագ են եղել: Իհարկե, իրականացվել են կանխարգելիչ, բուժիչ համապատասխան համալիր միջոցառումներ` ներառելով ժամանակակից բոլոր դեղորայքները, բուժումները, այնուամենայնիվ, այս հիվանդությունը, որպես ջրծաղիկի տարատեսակ, իր ընթացքով, էությամբ, բուժումով և ելքով անկանխատեսելի է: Նախկինում էլ եղել են նման հիվանդներ. 2011 թվականին նույն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ոչ զինվորական երկու հիվանդ և երկուսն էլ, այսպես ասած, վատ վախճանով: Ըստ նրա, այս հիվանդությունից շատ քչերն են բուժվել:
Անդրադառնալով այն հարցին, թե կատարվու՞մ է արդյոք մասնագիտական փորձաքննություն` պարզելու զինվորի մահվան պատճառ հանդիսացած հիվանդության և ցուցաբերված բժշկական օգնության մանրամասները՝ Արտաշես Փարսադանյանն ասել է, որ զինվորի մահից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ անկախ հանձնաժողով` պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են և՛ զինվորականներ, և՛ Հայաստանի Հանրապետության ինֆեկցիոնիստ գլխավոր մասնագետները: «Կարծում եմ` հանձնաժողովը դատաբժշկական փորձաքննության արդյունքում կկարողա ճիշտ որոշում կայացնել հիվանդության, նրա ընթացքի, բուժման և մյուս հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովը շուտով` մեկ-երկու օրվա ընթացքում կամփոփի աշխատանքները և կներկայացնի իր տեսակետները»,-ասել է նա: