15 հունվարի 2012 - 16:03 AMT
Ֆրանսիացիները փողոց դուրս կգան՝ ի օժանդակություն Ցեղասպանության վերաբերյալ օրինագծին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) բոլոր ֆրանսիացիներին՝ հանրապետականներին, դեմոկրատներին և հումանիստներին, կոչ է անում մասնակցել խաղաղ բողոքի ակցիային՝ ի օժանդակություն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:

Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, ցույցը տեղի կունենա հունվարի 23-ին՝ Ֆրանսիայի Սենատում օրինագծի քննարկման օրը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ինչը հանգեցրել է թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացմանը: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: ԱԺ Վերին պալատը օրինագիծը կքննարկի այս տարվա հունվարի 23-ին: Օրինագիծը ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: