16 հունվարի 2012 - 09:25 AMT
ԱՄՆ որոշել է հետաձգել ամերիկա-իսրայելական համատեղ ռազմական վարժանքները

ԱՄՆ ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել ամերիկա-իսրայելական համատեղ ռազմական վարժանքները, որոնք պետք է կայանային այս տարվա գարնանը, որպեսզի էլ ավելի չլարվի Իրանի միջուկային ծրագրին առնչվող իրավիճակը, գրում է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը` հղելով Իսրայելի ղեկավարության աղբյուրները: Թերթի տվյալներով, զորվարժությունների հետաձգման որոշումը կայացվել է ԱՄՆ և Իսրայելի պաշտապանության նախարարների խորհրդակցությունից հետո: Վարժանքները կկայանան սկզբնական նշված ժամկետից նվազագույնը 6 ամիս հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելի անվտանգության ծառայություններում «Ռոյթերս» գործակալության աղբյուրները հայտնում են, որ վարժանքների տեղափոխումը ոչ մի կերպ կապված չէ Իրանում տիրող իրավիճակի հետ: «Ես կարող եմ հաստատել, որ զորավարժությունները տեղափոխվել են և ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2012թ ավարտին: Դա տեղի է ունեցել մի շարք պատճառներով, որոնց մեծ մասը կապված է նյութական և տեխնիկական խնդիրների հետ, այլ ոչ նրա, ինչը շրջանառվում է: ԱՄՆ և Իսրայելը, ինչպես սպասվում է, շուտով այս առնչությամբ հանդես կգան հայտարարությամբ»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը: Ինչպես գրում է ամերիկյան Los Angeles Times թերթը, , «Լուրջ մարտահրավեր 12» վարժանքները պետք է կայանային այս տարվա մայիսին, ինչի մասին 2011թ նոյեմբերին պաշտոնապես հայտարարել էր Պենտագոնը: Դրանց պետք է մասնակցեին մոտ 5 հազար զինծառայողներ ԱՄՆ-ից և Իսրայելից: Զորավարժությունները նախատեսում էին ուսումնական հրաձգություն իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգերից: Այս վարժանքները պետք է դառնան Վաշինգտոնի և Թել Ավիվի ռազմական համագործակցության պատմությունում խոշարագույններից:

ԱՄՆ և Արևմուտքի մի շարք այլ պետություններ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ, որը քողարկվում է խաղաղ ատոմ ծրագիր անվան տակ: Թեհրանը հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելուն: