
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը չի բացառում Իրանի դեմ միջազգային ռազմական գործողության հնարավորությունը, որն, ըստ Արևմուտքի, շարունակում է միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք երբեք ոչինչ չենք բացառել: Մենք երբեք չենք բացառել որևէ տարբերակ, կամ ինչ-որ տարբերակի աջակցելու հավանականությունը: Մենք ենթադրում ենք, որ բոլոր տարբերակները պետք է դիտարկվեն, քանի որ դա Իրանի վրա ազդելու միջոցներից մեկն է»,-հայտարարել է նախարարը Sky News հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հեյգը նշել է, որ պաշտոնական Լոնդոնը ռազմական գործողության կողմնակից չէ, այլ մտադիր է ուժգնացնել ճնշումը պատժամիջոցների մասով: Մեծ Բրիտանիան ու Իրանը փակել են իրենց դեսպանատները Թեհրանում ու Լոնդոնում 2011թ. ավարտին երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնի վրա, երբ Իրանում հարձակում կատարվեց Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա: