12 նոյեմբերի 2003 - 22:40 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ՀԵՏ
Այսօր Երեւանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Պյեր Գարտոնի հետ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունում, Գարտոնը, մասնավորապես, հետաքրքրվել է Ա.Ղուկասյանի կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ինչպես նաեւ հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության հաստատման ուղիների որոնման վերաբերյալ: Այդ կապակցությամբ ԼՂՀ նախագահը կարեւորել է փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար պայմանների ստեղծումը: Նա հիշեցրել է, որ պաշտոնական Բաքուն առաջվա պես հրաժարվում է Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար: Նա ընդգծել է բանակցությունների վերսկսման համար նախապայմանների առաջադրման անթույլատրելիությունը: