12 նոյեմբերի 2003 - 21:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
Հայաստանում անհետացած Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի որոնումները դժվարեցված են անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչը թույլ չի տալիս գործողությանը ներգրավել ուղղաթիռներ: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: Աղբյուրի համաձայն, որոնողական աշխատանքները տարվում են հայկական եւ ռուսական զինվորականների միացյալ ուժերով` Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչության մասնակցությամբ: Ինչպես նշել են նախարարությունում, կապը ինքնաթիռի հետ ընդհատվել է 12.53-ին տեղի ժամանակով, երբ ուսումնավարժական թռիչք կատարող ՄիԳ-29 ինքնաթիռը գտնվում էր Հայաստանի հյուսիս-արեւմտյան շրջանում` Արթիկ քաղաքի մոտ: