Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նպատակաուղղված ռազմականացման մեջ

Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նպատակաուղղված ռազմականացման մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ մեղադրում է Ռուսաստանին «օկուպացված տարածքների նպատակաուղղված ռազմականացման մեջ»: «Ռուսաստանն անընդհատ զարգացնում է ռազմական ենթակառուցվածքները Վրաստանի օկուպացված տարածքներում` Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, մտցնում է հարձակողական բնույթի սպառազինություն և անընդհատ փորձում է լարվածություն հրահրել ինչպես Վրաստանում, այնպես էլ Սև ծովի ողջ տարածաշրջանում»,-ասվում է երկուշաբթի Վրաստանի ԱԳՆ կողմից տարածած հայտարարությունում:

Այնտեղ ընդգծվում է, որ 2011թ արտասահմանցի կցորդների հետ հանդիպմանը ռուսական գլխավոր շտաբի հրամանատար Ն. Մակարովը հայտարարել է, որ 2012թ սեպտեմբերին ծրագրվում է անց կացնել «Կովկաս 2012» ռազմավարական հրամանատարական-շտաբային վարժանքներ:

Ընդ որում, Վրաստանի ԱԳՆ ընդգծում է, որ նախորդ տարիների համեմատ վարժանքներ կանցկացվեն նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Դրանց կմասնակցեն ոչ միայն ՊՆ ուժերը, այլև ՆԳՆ,ԱԴԾ, ԱԻՆ և ռազմականացված այլ ստորաբաժանումների ուժեր, որոնք իրականացնում են տարբեր տիպի հետախուզական աշխատանքներ`էլեկտրոնային, տիեզերական, անօդաչու թռչող սարքերի և բարձր հստակության սպառազինությանն առնչվող աշխատանքներ:

Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել նրան, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել և Մոսկվան շարունակում է ագրեսիվ գործողությունները, այդ թվում նաև ռազմական ուժի ցուցադրությունը: «Ռուսաստանը միջազգային հարթակում ներկայանում է որպես ապակայունացման և բացասական երևույթների աղբյուր»,-ընդգծվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---