17 հունվարի 2012 - 13:36 AMT
ՈՒԵՖԱ-ի fair play վարկանիշում Հայաստանի հավաքականը 18-րդ տեղն է գրավում

2011թ. մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՈՒԵՖԱ-ի fair play վարկանիշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 18-րդ տեղն է գրավում: Հայկական թիմն ունի 7948 միավոր: 8367 միավորով վարկանիշը գլխավորում է Նորվեգիան, 8282 միավորով երկրորդ տեղում է Ֆինլանդիան, եռյակը եզրափակում է Հոլանդիան՝ 8173 միավորով:

Նախնական վարկանիշում հաշվի են առնվում այն ազգային ասոցիացիաները, որոնց թիմերը նշված շրջանում առնվազն 30 խաղ են անցկացրել:

Ըստ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի կանոնակարգի, fair play վարկանիշով լավագույն երեք ազգային ասոցիացիաները լրացուցիչ տեղեր կստանան Եվրոպայի լիգայում, այն պայմանով, որ նրանց միջին մակարդակը հավասար կամ բարձր կլինի 8 միավորից:

Եվրոպայի լիգա-2012-2013 որակավորման մրցաշարում լրացուցիչ տեղ ստացած երեք ազգայն ասոցիացիաներից յուրաքանչյուրը կկարողանա եվրոգավաթի մրցաշարին գործուղել բարձրագույն դիվիզիոնի որևէ ակումբ, որը հաղթող կճանաչվի fair play ներքին վարկանիշով: