17 հունվարի 2012 - 13:42 AMT
ՌԴ ԱԳՆ. ԱՊԼ առաքելության աշխատանքը Սիրիայում պետք է շարունակվի

Սիրիայում ԱՊԼ առաքելության աշխատանքը պետք է շարունակվի, չի կարելի ընդդիմությանն ու իշխանությանը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հնարավորությունը բաց թողնել, երեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը , գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախորդ շաբաթ ԱՊԼ որոշել էր դադարեցնել Սիրիա նոր դիտորդներ ուղարկելը մի մի ջադեպից հետո, որի արդյունքում տուժել էին արաբական առաքելության 11 աշխատակիցներ:

Քուվեյթից, ՄԱԷ-ից, Իրաքից, Մարոկկոյից և Ալժիրից արաբ դիտորդները հարձակման են ենթարկվել Լաթակիա քաղաքի շրջանում` Միջերկրական ծովի ափին: Հարձակում գործողների անձը չի հաստատվել:

«Կարծում ենք, ԱՊԼ առաքելության աշխատանքը Սիրիայում պետք է շարունակվի նաև հետագայում»,-ասել է ռուս դիվանագետը: Գատիլովի խոսքով, դա ընդհանուր առմամբ կախված կլինի ԱՊԼ որոշումից, սակայն, ըստ Մոսկվայի, « չի կարելի ընդդիմությանն ու իշխանությանը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հնարավորությունը բաց թողնել»:

Սիրիայում արդեն գրեթե 10 ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր տեղեկություններ են ստացվում մարդկանց մահվան մասին` ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ իշխանական ենթակառույցների: ՄԱԿ-ի տվյալներով, երկրում զոհերի քանակը գերազանցում է 5 հազարը: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ բախումների արդյունքում զոհվել է 2 հազար զինծառայող և օրինապահ մարմինների աշխատակիցներ, ում դեմ գործել են լավ զինված գրոհայիններ:

Սիրիայում ԱՊԼ դիտորդների առաքելությունը ներկայումս ներառում է անվտանգության և մարդու իրավունքների ոլորտի շուրջ 165 մասնագետներ: Այն սկսել է իր աշխատանքը 2011թ դեկտեմբերի 26 և արդեն այցելել է բազմաթիվ սիրիական քաղաքներ, այդ թվում նաև Հոմս և Դերաա, որտեղ ամենակատաղի բախումներն են եղել: Առաքելության նպատակն է տեղում իրավիճակի մասին տեղեկատվության ստացումը, ինչը առաքելության նախաձեռնողների կարծիքով պետք է նպաստի արյունահեղությունների դադարեցմանը և կողմերի միջև բանակցություններ սկսելուն: