17 հունվարի 2012 - 18:07 AMT
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեկան ամփոփիչ նիստին

ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համալսարանի 2011թ. եկամուտների և ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը:

Նախագահականից հայտնում են, որ մինչ օրակարգին անցնելը, Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված և հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի: «Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, և այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են:

Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է: ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր: Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք և սպասում ենք նոր առաջարկությունների»,-ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ ցանկը կարելի է շարունակել՝ թվարկելով ևս մի շարք ծրագրեր, սակայն կարևորը դրանց քանակը չէ, այլ այն, որ համալսարանի կոլեկտիվը, ուսանողները, դասախոսները չեն սահմանափակվում միայն ներբուհական խնդիրներով:

Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հանդիպումների ժամանակ բարձրացվում են հարցեր, որոնք կենսական են և կարևոր նաև ընդհանուր կրթության և գիտության համար: Երիտասարդների հետ հանդիպումները օգտակար և արդյունավետ համարելով՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել է դրանք շարունակական դարձնելու իր պատրաստակամությունը:

Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որոնք զեկուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: