18 հունվարի 2012 - 10:02 AMT
Սաուդյան Արաբիան ցանկանում է կայունացնել նավթի սակագինը $100 մեկ բարելի դիմաց սահմանում

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաղորդել են, որ վերանայել են նավթի բարելի` իր շահերին համապատասխան արժեքի սահմանը` մեկ բարելի դիմաց ներկայիս $70-ից բարձրանալով մինչև $100: «Մենք հուսով ենք, որ կկարողանանք կայունացնել նավթի սակագները և պահպանել դրանք $100 մեկ բարելի դիմաց սահմանում»,- Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային պաշարների նախարար Ալի ան-Նուեյմիի խոսքն է մեջբերում The Financial Times-ը: Նախարարը հայտնել է նաև իր երկրի կողմից նավթի արդյունահանման և արտահանման ծավալների ավելացման հնարավորության մասին:

Ինչպես նշում է Ուտրո.ռու-ն, գրեթե մեկ երրորդով բարձրացնելով մեկ բարելի թույլատրելի արժեքի սահմանը` աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողն ու ԱՄՆ գլխավոր մակատարարը հասկացնում է աշխարհին, որ գների հնարավոր աճին պատրաստվելու ժամանակն է: Դրա համար առիթ պետք է դառնա Իրանի շուրջ իրադրության սրումը: Իրանի հանդեպ արդեն մի շարք պատժամիջոցներ են գործում, իսկ հունվարի 23-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները ծրագրում են անցկացնել հանդիպում, որի ժամանակ կքննարկվի իրանական նավթի ներկրման վրա էմբարգո ներմուծելու հնարավորությունը:

Հայտարարելով մեկ բարելի դիմաց $100 մակարդակում սակագինը սեփական ուժերով պահպանելու ընդունակության մասին` Սաուդյան Արաբիան փաստացիորեն հռչակում է Իրանի հանդեպ տնտեսական արգելափակման կամ ուժային օպերացիայի դեպքում համաշխարհային նավթային շուկայի կայունացնողի դերը ստանձնելու պատրաստակամությունը:

Էր-Ռիյադի հայտարարությունն առաջ է բերել Իրանի ներկայացուցիչների վրդովմունքը, և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Սաուդյան Արաբիայի ծրագրերը «ոչ բարեկամական» է անվանել: Նրա խոսքով` «անվտանգությունը Պարսից ծոցում հավաքական անվտանգություն է, իսկ Իրանը` այդ գործընթացի գլխավոր մասնակից»: