18 հունվարի 2012 - 14:24 AMT
Ա.Սոտնիչենկոն բեկում չի ակնկալում Սոչիում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից

Առաջիկայում, ցավոք, դժվար է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում: Նման հայտարարություն է արել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն: Ըստ նրա, նախագահների հանդիպումները կշարունակվեն, սակայն արդյունքը նույնը կլինի՝ «լարվածության նվազումը» կողմերի միջև հարաբերություններում: «Սոչիում կայանալիք հանդիպումը հրաժեշտի հանդիպում կլինի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի համար, այնպես որ բեկում ակնկալել պետք չէ»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող են Ղարաբաղի հարցի վրա անդրադառնալ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ ռուս փորձագետն ասել է, որ ռազմական գործողություն Իրանի դեմ Արևմուտքի կողմից դեռ չի ակնկալվում, թեև չի կարելի ասել, թե Իրանին հանգիստ կթողնեն: Եթե այնուամենայնիվ ԱՄՆ-ն կամ նրա դաշնակիցները լայնածավալ ներխուժման գնան, Բաքվի համար նոր խնդիրներ կառաջանան և Ղարաբաղի հարցի լուծումն էլ ավելի կհետաձգվի»,-ասել է Սոտնիչենկոն:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Սոչիում: