18 հունվարի 2012 - 15:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արմեն Աշոտյանը ԲՈՒՀ-երի ռեկտորներին տվել է «սարսափելի խիստ քաղաքական հրահանգներ»

Արմեն Աշոտյանն ընտրություններին ընդառաջ ԲՈՒՀ-երի ռեկտորներին ու դպրոցների տնօրեններին տվել է «սարսափելի խիստ քաղաքական հրահանգներ»։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով 2012 թվականի անելիքներն, այս մասին ասաց հենց ինքը՝ կրթության և գիտության նախարարը։

«Առաջին խիստ քաղաքական հրահանգն է՝ խստագույնս հետևել իրենց ուսումնական հաստատություններում կուսակցությունների, կրթության և բարձրագույն կրթության և հանրակրթության մասին օրենքների կատարմանը։ Ոչ մի քարոզչություն, ոչ մի քաղաքական հանդիպումներ, ոչ մի քաղաքական քննարկումներ ԲՈՒՀ-երի ներսում ու դասերի հաշվին։ Դասից դուրս, ԲՈՒՀ-ից դուրս յուրաքանչյուր ռեկտոր, դասախոս, ուսանող իրավունք ունի լինել քաղաքական կուսակցության անդամ, գնալ միտինգների, ասուլիսների, հավաքների, քարոզ անել»,- մանրամասնեց նախարարը։

Նա նշեց, որ իր կողմից տրված 2-րդ քաղաքական հանձնարարականն է՝ աշխատել ավելի լավ. «Որքան ավելի տեսանելի և շոշափելի լինեն իրականացվող բարեփոխումների արդյունքները, որքան ավելի արժանահավատ լինեն մեր գործողությունները հասարակության համար, որքան մեծ լինի վստահությունը մեր թիմի հանդեպ, այդքան ավելի մեծ կլինի իմ անհատական ու մեր կուսակցության դիվիդենտը»։

Իսկ թե ինչ պատիժ է նախարարը սահմանել ուսումնական հաստատությունում քաղաքական քարոզի համար, Աշոտյանը նշեց. «Թող մեկը խախտի, ես կպատժեմ, դուք էլ կտեսնեք։ Պատմել չեմ սիրում»։

ՖՈՏՈՇԱՐՔ