18 հունվարի 2012 - 15:38 AMT
ՌԴ ԱԳ նախարարը հրաժարվել է պարզաբանումներ տալ Սիրիայի համար զենք առաքելու վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարկ չի համարում բացատրություններ տալ Chariot նավի վերաբերյալ և որ Ռուսաստանը գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և մտադիր չէ պահպանել միակողմանի կարգով Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները:

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսի մտահոգությանը, ապա մենք հարկ չենք համարում պարզաբանումներ տալ ու արդարանալ, քանի որ ոչ մի միջազգային պայմանավորվածություն չենք խախտում, ԱԽ բանաձևեր չենք խախտում: Մենք վաճառում ենք Սիրիային միայն այն, ինչ արգելված չէ միջազգային իրավունքով»,-Լավրովի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Chariot նավն անցած շաբաթ արգելափակվեց Կիպրոսում, որտեղ տեղի իշխանությունները հայտնաբերեցին, ոչ պաշտոնական տվյալներով, 60 տոննա զենք ու զինամթերք: Այնուհետև նավն ազատ արձակվեց և հասավ սիրիական Տարտուս նավահանգիստ: