18 հունվարի 2012 - 16:03 AMT
Արթուր Բաղդասարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է Մինսկ կատարած հունվարյան այցի արդյունքները

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Ինչպես հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը, անդրադառնալով հունվար ամսին իր գլխավորած պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցևի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաև Բելառուսի Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ եղել են առավելապես արդյունավետ և մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-բելառուսական կապերի խորացմանը: Այս և մի շարք այլ հանդիպումների արդյունքում այս տարվա ընթացքում Հայաստան են այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության, Ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարության, ինչպես նաև Գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարության և Արդյունաբերության նախարարության պատվիրակությունները` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով: Ընկերության ներկայացուցչությունը հիմնելու նպատակով` գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ոլորտի “Պրոագրոլիզինգ” ընկերության պատվիրակությունը Հայաստան կայցելի արդեն հունվար ամսվա վերջին:

Դեսպանն իր համոզմունքն է հայտնել, որ բելառուսյան այցը նոր թափ կհաղորդի մի շարք ոլորտներում հայ-բելառուսական համագործակցությանը և տեղեկացրել, որ իր գլխավորությամբ արդեն իրականացվում են առաջիկայում սպասվող այցերի կազմակերպման աշխատանքները: