18 հունվարի 2012 - 16:07 AMT
Դավիթ Նալբանդյան. АТР պետք է ստուգի, թե ինչպես է այնտեղ ընթանում մրցավարների հետ աշխատանքը

Դավիթ Նալբանդյանը, ով Australian Open երկրորդ տուրում զիջել է Իսներին`ԱՄՆ, 6:4, 3:6, 6:2, 6:7, 8:10 հաշվով, մեկնաբանել է այն միջադեպը, երբ Իսների հետ 8:8 հաշվի ժամանակ մրցավար Քադեր Նունին իրեն չի թույլատրել օգտվել Hawk-Eye համակարգից:

«Գծային մրցավարն ասել է, որ աութ է եղել, սակայն աշտարակի մրցավարը չեղյալ է համարել նրա որոշումը: Շատ աղմկոտ էր, այդ պատճառով ես հարցրի, թե ինչ է կատարվում: Մրցավարն ինձ ասաց, որ ինքը չեղյալ է համարել գծային մրցավարի որոշումը: Ես գնացի նայելու գնդակի հետքը, ապա «չելենջ» խնդրեցի: Սակայն մերժվեցի: Ինձ ասվեց, որ շատ ուշ է: Սակայն նման բաներ մշտապես լինում են, երբ խաղացողները նայում են նշանը, ապա «չելենջ» են պահանջում»,- Նալբանդյանի խոսքը փոխանցում է sports.ru-ն:

Նալբանդյանի խոսքով, դա Մեծ սաղավարտի առաջնություններից է և նման սխալն չի կարելի թույլ տալ. «Ես չեմ հասկանում, նա ուզո՞ւմ էր, որ իր մասին գրեին թերթերում, որպեսզի վաղը բոլոր տեղերում նրա նկարները լինեին: Անհավանական է: Ի՛հարկե, ես դրա պատճառով չէ որ պարտվեցի, սակայն դա շատ տհաճ իրավիճակ էր»:

Թենիսիստի կարծիքով, այդ մրցավարը չի կարող աշխատել նման խաղերում: «Ես երբեք նման բան չէի տեսել: АТР պետք է ստուգի, թե ինչպես է այնտեղ ընթանում մրցավարների հետ աշխատանքը»,- հավելել է նա: