18 հունվարի 2012 - 16:27 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Հուսով ենք Մեծ Բրիտանիայի` Շոտլանդիայի վերաբերյալ դիրքորոշումը դրական կազդի Ադրբեջանի վրա

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայիկարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն:

Ազատությունը և այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են: Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման ցանկացած փորձ պետք է դիտարկվի քաղաքական պատեհապաշտությունից անկախ և արժանանա համաշխարհային հանրության միանշանակ և կոշտ գնահատականին, ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում. «Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի և մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա` այդ իրողությունների ընդունման և մարդու իրավունքների հարգման առումով»: