18 հունվարի 2012 - 18:17 AMT
Մոսկվայում այրված Il Pittore ռեստորանի տեր Սուրեն Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել

Մոսկովյան հետախուզական մարմինները պաշտոնական մեղադրանք են ներկայացրել «Կասաբելլա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանին, ով մոսկովյան Il Pittore ռեստորանի սեփականատերն է, որտեղ գազի բալոնների պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ:

«Մկրտչյանին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 213 և 238 հոդվածներով»,-«Ինտերֆաքսին» չորեքշաբթի հայտնել է հետաքննության մոտ աղբյուրը:

Իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ պետք է 500 հազար ռուբլի փոխհատուցում տրվի այն մոսկվացիներին, ովքեր տուժել են ռեստորանի պայթյունի արդյունքում, և զոհվածների ընտանիքներին` 1 մլն ռուբլու չափով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքում`իտալական Il Pittore ռեստորանում, նախորդ շաբաթ: Մահացել են ռեստորանի երկու աշխատակիցներ, ավելի ուշ հիվանդանոցում զոհվել է ևս մեկ տուժած, ով լուրջ այրվածքներ էր ստացել: Պատահարի հետևանքով տուժել է 41 մարդ: Չորեքշաբթի օրվա տվյալներով, մայրաքաղաքի հիվանդանոցներում մնում է դեռևս 18 մարդ, որոնցից 3-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: