19 հունվարի 2012 - 14:50 AMT
Գյուլը գտնում է, որ Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը «սազական չէ Ֆրանսիային»

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը «սազական չէ Ֆրանսիային», քանի որ այդ փաստաթուղթը ծառայում է մեկ անձի նախընտրական շահերին»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Նախօրեին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:

Ըստ սույն որոշման, Սենատը կքննարկի օրինագիծը, սակայն մինչ ընդհանուր քվեարկությունը հաշվի կառնվի վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատում հունվարի 23-ին: Թուրքիան սպառնում է օրինագծի ընդունման դեպքում ամբողջապես խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: