
Զինվորական ծառայության ժամանակ մահացու ելքով դեպքերի քանակը 2011թ. կազմել է 36՝ 2010թ. 54-ի դիմաց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ամփոփելով 2011թ.: Նա նշել է, որ այդ 36 դեպքերից 30 տեղի են ունեցել հանցագործության արդյունքում, այդ թվում նաև 10 դեպք՝ հակառակորդի գործողությունների հետևանքով: Իսկ զինծառայության հետ կապված մահացու ելքով դեպքերի քանակը 2011թ. նվազել է, հասնելով 2-ի՝ 2010թ. 17-ի դիմաց:
«Մեզ համար յուրաքանչյուր մահ, առավել ևս հայ զինվորի մահը, մեծ ցավ է ու վիշտ: Սակայն, մենք կարող ենք արձանագրել, որ ունենք մահացու ելքով դեպքերի 33 տոկոս կրճատում և սպանությունների դեպքերի առնվազն 80 տոկոս կրճատում»,-ասել է նա:
Զինդատախազը նշել է, որ դեռ հարկավոր է շատ աշխատանք կատարել, «նման դեպքերը եթե ոչ արմատախիլ անելու, այլ գոնե նվազագույնի հասցնելու համար»: