19 հունվարի 2012 - 18:03 AMT
Հայաստանի երիտասարդական նվագախմբի տարվա առաջին համերգը լի է պրեմիերաներով

Հունվարի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) տարվա առաջին համերգը: Նվագախմբի հետ հանդես է գալու Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը:

Համերգում տեղի է ունենալու Կարեն Անանյանի «Լեգենդ լարային նվագախմբի համար» ստեղծագործության պրեմիերան, որը նվիրվելու է նվագախմբին: Բացի այդ ստեղծագործություններից, համերգի ընթացքում տեղի են ունենալու հայաստանյան պրեմիերաներ: Դրանք են Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի ջութակի կոնցերտը (Մենակատար Ռոման Սիմովիչ) և Էռնեստ Շոսոնի սիմֆոնիան:

Համերգի շրջանակում տեղի է ունենալու նվագախմբի անդրանիկ` Music is the answer ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է SONY-DADC ձայնագրման ստուդիայում:

Ռոման Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն է: Նա համարվում է ժամանակի ամենավիրտուոզ ջութակահարներից մեկը, ով հիանալի կերպով զգում է երաժշտությունը: Ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում և նվագախմբերի հետ, հաղթել բազմաթիվ մրցույթներում:

2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Սիոն Վալեի (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան (Ռուսաստան) և Վենյավսկու անվան (Լեհաստան) ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները համալրում են նրա պարգևների շարքը` դասելով Սիմովիչին իր սերնդակիցների լավագույն ջութակահարների շարքում:

Նրան տարբեր լրատվամիջոցները կնքել են տարբեր մականուններով, որոնք ներկայացնում են Սիմովիչ անհատին և երաժիշտին: