20 հունվարի 2012 - 09:33 AMT
Լեհաստանը նոր թանգարան կբացի Հիտլերի «Գայլի որջը» բունկերում

Լեհաստանի իշխանությունները մտադիր են նոր թանգարան բացել Ադոլֆ Հիտլերի հայտնի «Գայլի որջը» բունկերում: Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Այժմ բունկերը պատկանում է լեհական անտառապետությանը: Զբոսաշրջիկները կարող են այցելել բունկեր, սակայն այն գտնվում է խորը անտառում, իսկ ճանապարհը վատն է: «Մենք առաջարկությունների ենք սպասում: Պահանջները բավականին բարձր են, քանի որ ներդրողը պետք է զգալի գումարներ ծախսի»,-լրագրողներին է ասել անտառապետության ներկայացուցիչ Զենոն Պեոտրովիցը:

«Վոլֆսշանցե»՝ «Գայլի որջը» բունկերը կառուցվել է 1941թ. ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողությունները ղեկավարելու համար: Մոտակայքում կառուցվել էին նաև Wilamowo փոքր օդանավակայանն ու երկաթուղային կայարան: Բեռլինի հետ ուղիղ հեռախոսակապ կար:

Հենց «Գայլի որջում» գերմանացի զինվորականները 1944թ. հուլիսի 20-ին Հիտլերի դեմ անհաջող մահափորձ ձեռնարկեցին: Պատերազմից հետո բունկերի ականազերծումը տևեց 10 տարի: