20 հունվարի 2012 - 13:26 AMT
ԼՂՀ ՊԲ 20-ամյակի զորահանդեսին 2007 թվականի համեմատ կրկնակի ռազմական տեխնիկա է մասնակցելու

Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Տեղի են ունեցել քննարկումներ, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ ձեռք բերվել նախնական պայմանավորվածություններ: Միջոցառումների վերջնական ցանկը կազմելու համար հանձնաժողովն ունի 15 օր:

Ինչպես նիստի ժամանակ նշել է հանձնաժողովի նախագահ, Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, արդեն առանձին պատրաստ է զորահանդեսի պատրաստման պլանը և պարզ է՝ ինչ անձնակազմով է անցնելու զորահանդեսը:

«Զորահանդեսին նպատակահարմար է մասնակցեն Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը, Ազատամարտիկների միությունը երկու շարասյան կազմով, բանակի, Հայրենական մեծ պատերազմի վետերանները և բանակի ստորաբաժանումները»,- նշել է Հակոբյանը:

Զորահանդեսին մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա կմասնակցի, և 2007 թվականի զորահանդեսի ծավալներին կգերազանցի կրկնակի: Ստեփանակերտի քաղաքապետարանը կհոգա, որ մայրաքաղաքը տոնական տեսք ստանա և խցանումներ չառաջանան զորահանդեսի և տոնական միջոցառումների օրերին: Առանձին տոնական միջոցառումների ցանկ է հաստատվելու Ստեփանակերտի յուրաքաչնյուր համայնքի և Արցախի շրջանների համար: