20 հունվարի 2012 - 15:03 AMT
Մշակվել է Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց

ՀՀ ոստիկանության և միջազգային փորձագետների կողմից մշակվել է Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց, որտեղ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և միջազգային-իրավական պրակտիկան, առավելագույս հստակեցվել է ոստիկանության ծառայողների իրավունքների և պարտականությունների ողջ շղթան հավաքների անցկացման ընթացքում:

Ոստիկանությունը կարևորում է ուղեցույցերի միջոցով ոստիկանության ծառայողների վերապատրաստումը և գտնում է, որ դա ոստիկանների արհեստավարժության բարձրացմանն ուղղված արդյունավետ միջոցներից մեկն է: Հունվարի 20-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած հանդիպումը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը և մասնակցում էին համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նվիրված էր ուղեցույցի քննարկմանը:

Նպատակն էր` վերջնականապես ճշգրտել որոշ հարցեր, որոնք հատկապես կարիք ունեն առավելագույնս հստակեցման և պրակտիկայում երբեմն երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս, մասնավորապես՝ որ դեպքում անօրինական հավաքի մասնակիցների գործողությունները կորակվեն որպես հանրային շահի անհամաչափ սահմանափակում, կամ վրանների տեղադրման հիմնախնդիրը հավաքների իրավունքի և ընդհանուր ոստիկանական իրավունքի տեսանկյունից և այլն:

Ոստիկանությունը չափազանց կարևորում է բոլոր հնարավոր իրավիճակներում հատկապես պարզելու այն սահմանը, որը գոյություն ունի հավաքների անցկացման անձանց իրավունքների իրականացման և դրանց իրավաչափ սահմանափակման միջև: Ուղեցույցը առաջիկայում կհաստատվի Ոստիկանության պետի կողմից, կընդգրկվի ոստիկանության կրթական համալիրի ուսումնական պլաններում և կօգտագործվի ոստիկանության ծառայողների պարապմունքներում: