20 հունվարի 2012 - 15:29 AMT
Mozilla-ի վեբ-ցույցի արդյունքում 40 միլիոն մարդ դեմ է դուրս եկել SOPA օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի մշակած SOPA և PIPA օրինագծերի դեմ վեբ-ցույցերի ընթացքում Mozilla ընկերության Firefox բրաուզերը տեղափոխում էր օգտագործողներին SOPA-ի դեմ էջ, որի արդյունքում 40 միլիոն Firefox օգտագործող հայտնել է իր բողոքը։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

«Այս ողջ քայլերն ուղղված են մարդկանց տեղեկացնելու Կոնգրեսի այդ սխալ օրինագծի դեմ»,-գրել է Mozilla-ի ներկայացուցիչը ընկերության պաշտոնական բլոգում։

Mozilla-ի այս շարժման արդյունքում 360 000 էլնամակ է ուղարկվել սենատորներին և Կոնգրեսի անդամներին։ 1,8 միլիոն մարդ այցելել է mozilla.org/sopa էջն տեղեկանալու օրինագծի մասին։

Հունվարի 18-ին Wikipedia-ն դադարեցրել էր իր աշխատանքը ի նշան բողոքի ԱՄՆ Կոնգրեսի կողմից մշակված SOPA օրինագիծի դեմ։ Այդ օրը Wikipedia-ում գրանցվել է 162 միլիոն այցելություն։ Google-ը հավաքել էր 7 միլիոն ստորագրություն ընդդեմ օրինագծի։

Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։ Ընդդեմ SOPA օրինագիծի ելույթ են ունեցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ սեփականատերերի պահանջով։

ԱՄՆ Սենատի 8 օրենսդիրներ ետ են կանգնել իրենց իսկ մշակած օրինագծից։ Ներկայումս Կոնգրեսը դեռ քննարկում է SOPA օրինագիծը։ Իսկ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի քննարկմանը զուգահեռ վերին պալատում կայանում է SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։