20 հունվարի 2012 - 16:32 AMT
Հայաստանի քաղաքացիները Վրաստանի սահմանից ոտքով ճանապարհ են ընկել դեպի Երևան

Հայաստանի քաղաքացիները, որոնք մնացել են հայ-վրացական սահմանին Ստամբուլ-Երևան ավտոբուսի վարորդների գործադուլի պատճառով, սկսել են ոտքով անցնել սահմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Տեղեկություն այն մասին, թե արդյոք ավտոբուսի բոլոր քաղաքացիներն են հատել սահմանը, չկա: Հայտնի չէ նաև թե արդյոք ՀՀ իշխանությունները կապահովեն նրանց տեղափոխումը Երևան:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Հայաստանի հյուսիսում այժմ ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը տատանվում է -5 մինչև +3 սահմանում:

Ստամբուլ-Երևան զբոսաշրջային ավտոբուսի վարորդները հրաժարվել են շարունակել ճանապարհը՝ աշխատավարձ պահանջելով զբոսաշրջային ընկերությունից: Այս քայլի պատճառով Հայաստանի 50 քաղաքացիներ ստիպված էին սահմանը հատել ոտքով՝ կրելով նաև իրենց ուղեբեռը: