21 հունվարի 2012 - 09:31 AMT
Մարալ Դինք. Մեզ համար շատ կարևոր էր Հրանտ Դինքի սպանության հիշատակի օրը հավաքված բոլոր մարդկանց ներկայությունը

Հրանտ Դինքի հիշատակին Ստամբուլում կազմակերպված միջոցառումները շատ կարևոր էին նրա ընտանիքի համար և Թուրքիայում արդարության հնարավոր հաղթանակի հույս ներշնչեցին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի զարմուհի Մարալ Դինքը:

Մարալը դժվարությամբ էր զսպում իր զգացմունքները, քանի որ, ինչպես ինքն է նշել, իր ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար եկած մարդկանց հսկայական թվի ներկայությունը երկրում դրության հետագա բարելավման հույս է ներշնչել: «Դա կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև Թուրքիայի ու ժողովրդավարության համար»,- նկատել է նա` հույս հայտնելով, որ մարդիկ կկատարեն խոստումը և կհետևեն Դինքի սպանության գործի զարգացմանը:

Շատ կարևոր էր նաև, որ մարդիկ համաձայն չէին դատարանի վճռի հետ, հավելել է Մարալ Դինքը. «Կարելի է ասել` գնալով ավելի շատ մարդ է արտահայտվում արդարության օգտին»:

Զրույցի վերջում նա ընդգծել է, որ իրենց պայքարի նպատակը արդարության հասնելն է, որից հետո և' երկիրը, և' ժողովուրդը կկարողանան խաղաղության մեջ ապրել: «Թուրքիայում արդարության հաստատման համար պատասխանատու են ոչ միայն իշխանությունները, այլև ողջ ժողովուրդը»,- ասել է նա:

Հունվարի 19-ին լրացավ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5 տարին: 40 000 մարդ եկել էր հարգանքի տուրք մատուցելու լրագրողի հիշատակին: Հավաքվածներն անցկացրեցին լայնամասշտաբ ակցիաներ, ինչպես երթը Թաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրություն և երթը Ստամբուլի գլխավոր փողոցով: Թաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրություն երթից հետո հավաքվածները լռության րոպեով հարգեցին Դինքի հիշատակը, որից հետո խմբագրության պատշգամբից ելույթ ունեցան «Դինքի ընկերների» ներկայացուցիչները, ինչպես նաև ընտանիքի անդամները:

Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: