21 հունվարի 2012 - 12:04 AMT
Հունվարի 25-ին մասնագետները կհրապարակեն «Ֆոբոս-Գրունտի» վթարի պատճառները

Հունվարի 25-ին «Ռոսկոսմոսի» մասնագետները կհրապարակեն «Ֆոբոս-Գրունտի» վթարի պատճառները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով կայանի թռիքչի վերլուծության միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, «Ռուստեխնոլոգիաներ» կորպորացիայի նախագահ Յուրի Կոպտևին: Նրա խոսքով, մասնագետները դեռ երեք օր կաշխատեն փորձարկման ստենդների վրա: Սակայն, նա չի ճշտել, թե ինչ վարկածներ կան, և որոնք են արդեն մերժվել մասնագետների կողմից:

Ստուգվում է նաև «Ֆոբոս-Գրունտի» վրա ԱՄՆ ռազմական ռադարի ազդեցության վարկածը:

Ավտոմատ միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանը գործարկվել էր նոյեմբերի 9-ին Բայկոնուրից, սակայն կայանը չկարողացավ անցնել դեպի Մարս թռիչքի հետագծին և հունվարի 15-ին «Ֆոբոսի» բեկորները ընկան Երկրի վրա: «Ֆոբոս-Գրունտի» անկման շրջանում չկան միջոցներ, որոնք թույլ կտային արձանագրել իրադարձությունը: Սակայն, հավաստի տվյալների համաձայն, կայանն արդեն ուղեծրում չէ: