21 հունվարի 2012 - 13:00 AMT
ԱԱԾ աշխատակիցը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի, 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն առ այն, որ Ա. Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության և ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ. Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ. Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ:

Լաիշյանի կողմից ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա. Տեր-Մինասյանը և Վ. Չիլինգարյանը նրանից պահանջել են նախ 5000, ապա` 3000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախնական պայմանավորվածության համաձայն` 2010թ. ապրիլի 6-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա. Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ. Լաիշյանին և ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1 206 030 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք

Ա.Տեր-Մինասյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով և դատարանի 20.01.12թ. դատավճռով դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Վ. Չիլինգարյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: